ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հերթական նամակն է հասցեագրել ՀՀ Արդարադատության նախարար
պարոն Գ. Դանիելյանին
ՄԻ պաշտպանը նախ տեղեկացնում է, որ 2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ "Էրեբունի" քրեակատարողական հիմնարկ:
Աշխատանքային խումբը պարզել է հետևյալը. "ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն "Էրեբունի" ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դա-տապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կա-ցարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված "բրնձով և մակարոնով շիլային" ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք՝ յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել է ՀՀ Կառավարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր դատապարտյալին օրական տրամադրվում է 90 գրամ միս:
Այսինքն, ըստ էության ՀՀ Կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ":
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի դրույթներով՝ Արմեն Հարությունյանն ակնկալում է Գեւորգ Դանիելյանի պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցությամբ: