Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
21 ՕՐ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 

Մի խումբ կամավորականներ երեկ հանդես aեն եկել հայտարարությամբ եւ վերջնաժամկետ տվել իշխանություններին: Կամավորականների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք "Տարեգիրի" ընթերցողներին:

Մենք կամավորականներ ենք` հայորդիներ, ովքեր 1988-ից հայրենիքի եւ արյան կանչով գնացին ինքնամոռաց մաքառելու հանուն հայրենի երկրի անկախության, ազատության եւ բարեկեցիկ ապագայի: Արցախյան ազատամարտում բազմաթիվ մեր ընկերների կյանքերի եւ մեզ բաժին հասած փորձությունների գնով ձեռք բերվեց այդքան կարեւոր հաղթանակը, սակայն, ցավոք սրտի, ներկայիս Հայաստանը որեւէ կերպ չի համապատասխանում այն պայծառ տեսլականին, որը կրծքում անթեղած մենք ելել էինք կենաց ու մահու պայքարի:

Մենք չենք տրտնջում մեզ բաժին հասած զոհողությունների ու զրկանքների համար, քանզի քաջ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր պետություն աշխարհաքաղաքական հարթությունում պատերազմի փորձությունը հաղթահարելով է միայն ձեռք բերում տեղ եւ միջազգային ճանաչում: Նշվածով հանդերձ` մենք հասկանում ենք, որ բարձր պատասխանատվություն ենք կրում ազգի եւ ապագա սերունդների առջեւ մեր պետության որակների եւ ներկայիս իրավիճակի համար: Միմյանց հերթափոխած իշխանությունների ապազգային գործունեության արդյունքում ամեն ինչ այսօր կեղծված է, պղծված ու անդունդի եզրը հասցված: Մեր Շարքային հայրենակիցը վախենում է սեփական պետությունից ու չի վստահում նրան: Մենք համարում ենք, որ չկան ՀՀ նախկին ու ներկա իշխանություններ, կա ստի ու կեղծիքի վրա խարսխված բուրգ, որն ընդամենը անձերի փոփոխությամբ շարունակում է գործել` օր օրի երկիրը խորասուզելով իր կողմից ստեղծած կեղծիքի ու անբարոյականության ճահճի մեջ:

Վերջին 15 տարիների ընթացքում թիմից թիմ, դիրքից դիրք տեղափոխվող, իրենց իսկ կողմից հռչակված ազգային նպատակների փոխարեն իշխանության կերատաշտը թիրախ դարձրած ՙքաղաքական այրերիև վարքագիծը վերջնականապես հիասթափեցրել է մեզ` եւս մեկ անգամ բացահայտելով, թե ինչպիսի բարոյազրկություն է տիրում մեր ազգի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնության մեջ:

Պատերազմի ավարտից մինչ օրս Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիվանագիտական ճակատում շարունակում են հանցագործ շռայլությամբ վատնել այն, ինչը Արցախյան մարտադաշտերում ձեռք է բերվել հազարավոր անձնուրաց հայորդիների կյանքի գնով: Այսօր կարող ենք փաստել, որ գնալով անհասանելի է դառնում պատերազմում տարած փայլուն հաղթանակին համապատասխանող հաշտության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ:

ՀՀ պատմության այս հորձանուտում մենք մեզ հեռու ենք պահել հայրենի սրբությունների առք ու վաճառքի անբարո գործընթացից, սակայն այսօր երկիրը կործանման վտանգից փրկելու համար, ինչպես ազգային զարթոնքի շարժման արշալույսին, մեզ պարտավորված ենք զգում նախ ահազանգել հասարակայնությանը, ապա եւ ըստ ամենայնի ընդդիմանալ հայրենի երկրի անկմանը:

Հաշվի առնելով, որ այսօր քաղաքական դաշտի տարբեր կողմերից ահազանգեր են հնչում հայ-թուրքական հարաբերությունների "ջերմացման" ճակատագրական հետևանքների մասին, եւ առաջնորդվելով Հայաստանի հասարակության միասնականության բարձրագույն գիտակցմամբ` Հայաստանի իշխանություններից պահանջում ենք `

ա. գաղտնազերծել "ճանապարհային քարտեզ" կոչված փաստաթղթի բովանդակությունը կետ առ կետ

բ. Թուրքիայի հետ սկիզբ առած բանակցային գործընթացում հասարակությանը տեղյակ պահել Արցախի հիմնահարցի հետ առնչվող բոլոր պայմանավորվածությունների մասին

գ. ապահովել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների թափանցիկությունը, իսկ բանակցային գործընթացի արդյունք հանդիսացող վերջնական փաստաթղթի վավերացումը իրականացնել արդարացի համաժողովրդական հանրաքվեից հետո միայն:

դ. գաղտնազերծել ու հրապարակել Մադրիդյան սկզբունքները, ինչպես եւ լայն հասարակայնության առջեւ հանդես գալ Արցախյան հարցի շուրջ բանակցությունների ներկա հանգրվանի նկարագրով:

Գտնում ենք, որ վերը նշված պահանջները ՀՀ իշխանությունները պետք է բավարարեն 21 օրվա ընթացքում, որպեսզի մեր ազգի ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող այս հարցերի կապակցությամբ թե` քաղաքական ուժերը, թե` հասարակական կազմակերպությունները եւ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կողմնորոշվելու հնարավորություն ունենան:


09 փետրվար 2010թ.
Ազատամարտի եղբայրություն
Ղարաբաղի պատերազմի վետերաններ
Դաշտային հրամանատարների խորհուրդ

 
 
 
Խմբագրական
ՉԱՓՈՐՈՇԵՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԴ
Վերջապես… Հեռուստաեթերի գարշահոտը վերջապես հասավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի քթին։ Քթին այն մարդու, որը հաճախականությունների մրցույթներում ժամանակին "5"-եր էր շռայլում այսօր եթերը զբաղեցնող հեռուստաընկերություններին եւ "1"-եր ու "2"-ներ՝ հեռուստաճաշակի օրենսդիր "Ա1+"-ին։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: