ՀՀ Ոստիկանությունը որոշել է ինքնամաքրվել: Համենայնդեպս այդ մասին երեկ իր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
"2009 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված տարբեր օրինախախատումների փաստով հարուցվել է 45 քրեական գործ, որոնցից 22-ն ուղարկվել է դատարան: Ոստիկանության ծառայողի պատիվն արատավորող անձանց նկատմամբ ոստիկանության վերաբերմունքը միանշանակ է: Համակարգը վերջիներից ազատվելու հարցում դրսեւորելու է սկզբունքայնություն ու վճռականություն",- երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում ասել է Ալիկ Սարգսյանը:
Նա նշել է նաեւ, որ շարքային քաղաքացիների հանդեպ լկտի եւ ցինիկ վարվելակերպ դրսեւորելու համար 2009թ. ՀՀ ոստիկանությունից ազատվել են բազմաթիվ ոստիկաններ եւ ավելացրել. "2009 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար 84 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ կարգապահական տույժի են ենթարկվել 939 ծառայողներ, որոնցից 44-ը ազատվել են ոստիկանությունից, 12-ի պաշտոնն է իջեցվել, 8 ոստիկանի՝ կոչումը: Զգուշացվել են 40 ծառայողներ":
Ըստ Ալիկ Սարգսյանի, պետք է հիմնովին վերակառուցել ոստիկանության գործելաոճը, ձեռնարկել միջոցներ ոստիկանության կադրերի շրջանում քաղաքացիների հետ բարեկիրթ վերաբերվելու, կուլտուրա սերմանելու, գործունեության ընթացքում օրինականության անշեղ պահպանման ուղղությամբ: