Հայ-թուրքական արձանագրություններն, այնուամենայնիվ, կարծես թե թուրքերի սրտով են, ու այն վավերացնելու ցանկությունը չի լքել նրանց: Բայց` հարմար ժամանակին: Իսկ մինչ այդ հարմար ժամանակի գալը, թուրքական կողմն ամեն ինչ անում է գործընթացը ձգձգելու և դրանից հնարավորինս շատ օգուտ քաղելու համար:
Այսպես, ժամանակին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ապա եւ՝ վավերացումը կապում էին արցախյան խնդրի հետ: Արդյունքը եղավ այն, որ ակտիվացան ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումները, կայացան Աթենքի և Սոչիի հանդիպումները, սերտացան թուրք-ռուսական հարաբերությունները: Հասկանալի է, որ վերջին դիտարկումը հիմնականում առնչվում էր գազա-նավթային և այլ տնտեսական հարցերի հետ, սակայն չի բացառվում, որ Էրդողանը Մեդվեդևից առնվազն խոստում է կորզել, որ Ռուսաստանը գոնե թույլ չի տա ղարաբաղյան հարցը տեղաշարժել առաջիկա տարիների ընթացքում:
Թուրքիան, սակայն, հասկանում էր, որ ոչ Հայաստանը, ոչ էլ առավել ևս միջազգային հանրությունը թույլ չի տա հայ-թուրքական սահմանի բացումը կապել արցախյան խնդրի հետ: Այդ պատճառով գտան մի նոր պատրվակ` Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն բողոքեց, որ որոշումը հակասում է արձանագրությունների "տառին և ոգուն": Թուրքիայում աղմուկ բարձրացավ:
Շուտով տեղեկացանք, որ Թուրքիան Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գրավոր հավաստիացում է պահանջել, որ ՍԴ որոշման որոշ կետերը չեն խանգարի իրեն կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության հարցը: Փետրվարի 3-ին էլ "News.am" լրատվական կայքը, հղում անելով թուրքական "Hurriyet" թերթին, գրեց, որ Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա:
Այստեղ նա կհանդիպի շվեյցարացի իր գործընկեր Միխայել Ամբուլի (Michael Ambuhl) հետ և կբացատրի Հայաստանի ՍԴ-ի որոշման ու ստորագրված արձանագրությունների անհամապատասխան կետերը`պահանջելով, որ Հայաստանը հավատարիմ մնա ստորագրված արձանագրությունների բովանդակությանը:
Թուրքական կողմը սպառնում է, որ եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պահանջածը, գործընթացը չի շարունակվի: Հայկական կողմը նման դիվանագիտությանը պատասխանում է փոխադարձ մեղադրանքով` նշելով, որ Թուրքիան ուզում է դուրս գալ գործընթացից և ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովի խոսքերով՝ "փրփուրներից է կախվում": Ավելին` հայկական կողմը ակնարկում է, որ կարող է ընդհանրապես ետ վերցնել ստորագրությունը: Սա վատ միտում չէ, քանի որ հայ-թուրքական գործընթացից և մասնավորապես թուրքերից տեղական դիվանագետները գոնե սովորեցին սպառնալիքների լեզուն:
Ինչևէ, այս ամենը նման է պարզ բեմականացման: Քանի որ դժվար թե Թուրքիայում գտնվի մեկ խելքը գլխին դիվանագետ, որը չհասկանա իրենց արածի անմտությունը:
Նախ` չլսված բան է ՍԴ-ի որոշումը քննադատելու թուրքական քայլը, քանի որ, երբ մեկ երկրի հետ հարաբերություններ ես սկսում, պետք է որ լավ ուսումնասիրես թե այդ երկրի սահմանադրությունը, թե օրենքները: Եթե անգամ ՍԴ որոշման մեջ չհիշատակվեր Սահմանադրության նախաբանը, այդուհանդերձ Սահմանադրության նախաբանը մնում է նախաբան, ու հայկական կողմը ամեն դեպքում իրավունք չէր ունենա հակասահմանադրական քայլեր անել: Ինչ է, թուրքերը պատրաստվում են բոյկոտել ՀՀ Սահմանդրությո՞ւնը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս հարցին սառը անտարբերությամբ է վերաբերվում միջազգային հանրությունը: Արևմուտքից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ ՍԴ որոշումը չի հակասում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը:
Իսկ ահա Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը "Նովոստի-Արմենիա" գործակալությանը հայտարարել է, որ "կողմերը պետք է վավերացնեն արձանագրություններն այն տեսքով, որով դրանք կան":
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այս խաղն էլ Թուրքիան չի կարող շատ երկար առաջ տանել, բայց ձգձգել այն, իհարկե, հնարավոր է: Հավանաբար Թուրքիայի նպատակը և թիրախը գալիք տարվա ընտրություններն են: Թուրքիայում ազգայնականների ներքին ճնշումներից խուսափելու համար իշխող կուսակցությունը կփորձի գոնե մեկ տարով սառեցնել գործընթացը, իսկ ընտրություններից հետո այն նորից կակտիվանա:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ