2009թ. հանրապետությունում գրանցվել է ամուսնության 18773 և ամուսնալուծության 2929 դեպք: Երեկ լրագրողներին այս թվերը ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Մասնավորապես, Երևանում գրանցվել է 6831 ամուսնություն և 1249 ամուսնալուծություն, որը 6 տոկոսով նվազել է 2008թ. համեմատ: Ամուսնության առատությամբ աչքի են ընկել նաեւ Կոտայքի մարզը, Արմավիրի մարզը և Գեղարքունիքի մարզը: Ամուսնության հեռանկարը չի գայթակղել Սյունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակիչներին: Ամուսնալուծությունների բարձր ցուցանիշ է արձանագրվել Լոռու մարզում և Երևանում: Ըստ Կարինե Կույումջյանի` 2009-ին գրանցվել է ամուսնությունների թվի աճ և ամուսնալուծությունների թվի նվազում:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վիճակագրությունը ամուսնալուծությունների և ամուսնությունների վերաբերյալ այլ է: Քանի որ Ադիբեկյանը ճշգրիտ գիտի, թե հանրապետության որ քաղաքը և որ գյուղը իրականում որքան բնակիչ ունի, դրանք բաժանել է իրական թվի վրա եւ այլ պատկեր է գրանցել: Ըստ սոցիոլոգի` մեր բնակչությունը ոչ թե 3 մլն.230.000 է, այլ ավելի քիչ:
Ադիբեկյանական վիճակագրության համաձայն, 40 տարեկանից բարձր ամուսինների երեք քառորդը դադարում է սեռական կյանք վարել, և նրանք համարվում են ձևական ամուսիններ: Իսկ չեն ամուսնալուծվում, որովհետև գոյություն ունի բնակարանի խնդիր կամ դա պարզապես իրենց հարմար է: "Իրականում նրանք ամուսիններ չեն, սակայն վիճակագրությունը դրա մասին տեղյակ չէ": Տեսնես Ադիբեկյա՞նը որտեղից է տեղյակ։
Որպեսզի ամուսինները չհեռանան և ընդմիշտ մնան իրենց կանանց կողքին, Ադիբեկյանը խորհուրդ է տալիս ունենալ 4 երեխա: Այդ դեպքում ամուսնալուծությունների տոկոսային հարաբերությունը 3 տոկոս է լինում, իսկ մեկ երեխայի դեպքում` 80 տոկոս ռիսկ է գրանցվում, որ հայրը կամ մայրը կթողնի ու կգնա:
Ադիբեկյանի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամուսնալուծվողների մեջ մեծ տոկոս են կազմում 20 տարվա ամուսնական համատեղ կյանք վարած մարդիկ: Որոնց երեխաներն արդեն 19 տարեկան են, մեծացրել են, իրենց պարտքը կատարել են և կարող են ապրել իրենց համար:
9 տոկոս են կազմում 60 տարեկան ամուսինները, որոնք թոռներին էլ են մեծացրել և ամուսնալուծվել են:
Սոցիոլոգը նաև ահազանգեց, որ մեր հարսներն ու փեսաները 2-3 տարով ծերացել են: "Եթե առաջ հարսնացուի միջին տարիքը 20-22-ն էր, իսկ փեսացուինը` 22-24, ապա հիմա հարսնացուն 24 տարեկան է, իսկ փեսացուն՝ 25-28 տարեկան": Այս տարիքի աղջիկների քանակը ավելի է, քան տղաներինը: "Պոտենցիալ հարսնացուներ շատ ունենք, իսկ փեսացուները Հայաստանում չեն": Սա իր հերթին բերում է ամուսնությունների թվի կտրուկ նվազման` այդ աղջիկները երբեք փեսացուներ չեն գտնում: Ըստ Ահարոն Ադիբեկյանի վիճակագրության` հիմնականում դրանք բարձրահասակ, գեղեցիկ և բարձր ինքնագնահատական ունեցող աղջիկներն են, որոնք սպասում են սպիտակ ձիով ասպետին, մինչդեռ նա սպիտակ մերսեդես է քշում Եվրոպայում:
Այնպես, որ սիրելի աղջիկներ, ամուսնացեք, եթե հարմար առիթ է ընձեռվել,- խորհուրդ է տալիս սոցիոլոգը: